«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան խոստովանել է, որ 2010 թվականին քիչ էր մնում հեռանար ակումբից, երբ «կարմիրների» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը թիմ հրավիրեց Կրիստիան Պոուլսենին:
Պոուլսենը Հոջսոնի գլխավորությամբ հանդես էր եկել «Կոպենհագենում»: Այդ իսկ պատճառով Ռոյն ակումբ հրավիրեց քաջածանոթ խաղացողին:
Սակայն ֆուտբոլիստը «Լիվերպուլում» մնաց միայն մեկ մրցաշրջան, հենց նույն այն 2010/11 մրցաշրջանը, որի արդյունքներով Լուկասն իր թիմում ճանաչվեց տարվա խաղացող:
-Զգում էի, որ գործնականում իմ օրերն ակումբում հաշված են: Գրեթե հեռացել էի:
Գիտեի, որ նրանք խաղացողներ են փնտրում: Այդ ժամանակ նրանք գնեցին Կրիստիան Պոուլսենին, և այսպիսով ինձ հասկացրին, որ ես իրենց ծրագրերի մեջ չեմ մտնում:
Իսկապես մոտ էի Իտալիա տեղափոխվելուն: Որոշ պատճառներով ես չհեռացա, մնացի: Մի քանի խաղից հետո ես վերադարձրի իմ տեղը թիմում և սկսեցի ավելի հաճախ խաղալ:
Հետո եկավ Դալգլիշը: Ես սկսեցի մեծ վստահությամբ խաղալ, և այդ մրցաշրջանի արդյունքներով երկրպագուներն ինձ ճանաչեցին լավագույն խաղացող: Այդ պահը շատ կարևոր էր ինձ համար,- հայտնել է Լուկասը «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: