«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ ցանկանում է իր թիմի հետ վերջապես հաղթել Պրեմիեր Լիգայում: Մատան նաև իր աջակցությունն է հայտնել Ֆերնանդո Տորրեսին:
Վերջին երկու մրցաշրջանում «Չելսին» չմասնակցեց չեմպիոնական մրցավազքին՝ թույլ տալով, որ մրցանակը գնա Մանչեսթեր: Սակայն Մատան հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ավելի մեծ ուժով կմիանա պայքարին:
-Այս մրցաշրջանում մեզ չբավականացրեց կայունությունը: Ես շատ եմ ցանկանում հաղթել Պրեմիեր Լիգայում: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանում միանգամայն այլ է լինելու,- Մատայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Մատան նաև աջակցություն է հայտնել իր հայրենակից Ֆերնանդո Տորրեսին, ով ժամանակ առ ժամանակ ենթարկվում է թերթերի քննադատությանը:
-Ես կարծում եմ, որ Ֆերնանդոն պետք է մնա «Չելսիում»: Նրա բնավորությունը և աշխատասիրությունը խոսում է այն մասին, որ դեռ երկար տարիներ նա հանդես կգա բարձր մակարդակով,- ավելացրել է Մատան: