Սթիվ Կուպերը կհեռացվի «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից, եթե հաջորդ շաբաթ օրը նրա թիմը պարտվի «Վուլվերհեմպտոնին»:
Նախորդ գիշեր «անտառապահները» 5:0 հաշվով պարտություն կրեցին «Ֆուլհեմից», իսկ «Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը մարզադաշտից հետևում էր իր ակումբի ջախջախմանը:
Պրեմիեր լիգայի վերջին վեց խաղերում «Ֆորեսթի» հինգերորդ պարտության ֆոնին անմիջապես խոսակցություններ հայտնվեցին, որ Մարինակիսը պատրաստվում է հեռացնել Կուպերին, սակայն Sky Sports-ը ակնկալում է, որ ուելսցի մասնագետի հեռացումը կհետաձգվի առնվազն մինչև հաջորդ տուրի ավարտը:
«Ֆորեսթի» ներսում նաև այնպիսի զգացողություն կա, որ Կուպերը չի կարողանա պահպանել իր աշխատանքը, եթե Մոլինյուում ակումբը դրական արդյունքի չհասնի, ինչը նշանակում է հաղթել կամ ոչ-ոքի:
Sky Sports-ը հավելում է, որ ոչ միայն ակումբի ղեկավարները, այլև թիմի խաղացողները կորցնում են հավատը Կուպերի նկատմամբ, իսկ ինքը՝ Սթիվը, գնալով հիասթափվում է իր աշխատանքից, թեև խոստանում է պայքարել մինչև վերջ։