«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մոտ դժվարին ժամանակաշրջան է, քանի որ ամեն տարի ակումբից հեռանում են առաջատար ֆուտբոլիստներ: Նման կարծիք է հայտնել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալեց «Բավարիային» և պարտվեց 1:3 հաշվով: Այսօր պատասխան հանդիպումն է: Ակնհայտ է, որ «զինագործները» գործնականում հնարավորություն չունեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Հետևաբար, լոնդոնյան ակումբը հերթական մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների:
-Վենգերը միշտ էլ իսկապես լավ խաղացողներ է ունեցել, թոփ մակարդակի խաղացողներ: Եթե հաշվի առնեք վերջին երկու տարիները, ապա պետք է ասեք, որ նրանց առանցքային ֆուտբոլիստները հեռանում են այլ ակումբներ:
Անկասկած, նրանց փոխարեն գալիս են նոր տաղանդավոր խաղացողներ: Սակայն յուրաքանչյուր մարզիչ հասկանում է, որ եթե ուզում ես աշխատել ամենաբարձր մակարդակի վրա՝ «Բավարիայի», «Բարսելոնայի» և «Ռեալի» կողքին, պետք է ունենաս ֆուտբոլիստներ, որոնք կարող են դա անել:
Կարծում եմ՝ այս տեսանկյունից Վենգերի համար բավականին դժվար է,- հայտնել է Հայնկեսը: Daily Mirror