Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ են ճանաչվել «Բորնմուտի» ֆուտբոլիստ Դոմինիկ Սոլանկեն և «Աստոն Վիլլայի» մարզիչ Ունայ Էմերին:
Սոլանկեն ոչ միայն իր կարիերայում առաջին անգամ արժանացավ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացողի կոչմանը, այլև դարձավ «Բորնմուտի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով նվաճեց այդ մրցանակը:
Դա հնարավոր դարձավ Սոլանկեի ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում խփած 6 գոլերի շնորհիվ: 26 ամյա անգլիացին մեկական անգամ տխրեցրեց «Աստոն Վիլային», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Ֆուլհեմին», ինչպես նաև հետ-տրիկի հեղինակ դարձավ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղում։
Սոլանկեի խաղը «Բորնմուտին» բերեց չորս հաղթանակ և մեկ ոչ-ոքի դեկտեմբերյան վեց հանդիպումներում, ինչը Անտոնի Իրաոլայի թիմին զգալի առաջընթաց ապահովեց մրցաշարային աղյուսակում:
Բացի Սոլանկեից, դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի կոչման մյուս հավակնորդներից էին՝ Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը, Մատեուս Կունյան, Մոհամեդ Կուդուսը, Մայքլ Օլիսը, Քոուլ Պալմերը, Մարկոս Սենեզին և Սոն Հին Մինը:
Իսկ Էմերին ճանաչվել է ամսվա լավագույն մարզիչ՝ առաջ անցնելով վերոնշյալ Իրաոլայից, Յուրգեն Կլոպից և Դևիդ Մոյեսից։
Դեկտեմբերի ընթացքում Էմերիի սաները հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին», «Բրենտֆորդին» և «Բերնլիին», ոչ-ոքի խաղացին «Բորնմուտի» և «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ, և միակ պարտությունը կրեցին «Մանչեսթեր Յունայթեդից»։
Նշենք, որ 52 ամյա իսպանացին 2023 թվականի ապրիլին նույնպես ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ։