«Արսենալի» վինգեր Բուկայո Սական երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակը շնորհվել է Սակային՝ ում 22 ամյակը լրացավ երեքշաբթի օրը, երկրպագուների քվեարկության արդյունքում։
Մրցանակի համար, որը Սակային շնորհել է իր ազգային թիմի խաղընկեր Ջեյմս Մեդիսոնը, Բուկայոն առաջ է անցել Ջուդ Բելինգհեմից և Հարրի Քեյնից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Սական Անգլիայի հավաքականի կազմում անցած 12 ամիսների ընթացքում 10 հանդիպում է անցկացրել, այդ թվում՝ Քաթարում կայացած աշխարհի առաջնության չորս հանդիպումները:
Այս 10 հանդիպումներում Սական երեք անգամ ճանաչվել է լավագույն խաղացող՝ Իրանի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում, ինչպես նաև իր առաջին հեթ-տրիկը խփեց ազգային հավաքականի կազմում (7:0 Հյուսիսային Մակեդոնիայի դեմ):
Բացի այդ, Սական, ով վերջերս ճանաչվել է PFA-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացող և ընդգրկվել է PFA֊ի վարկածով Պրեմիեր լիգայի երազանքների թիմում, արդեն 28 հանդիպում է անցկացրել անգլիական հավաքականի կազմում: