«Ստոկի» 33-ամյա ֆուտբոլիստ Մայքլ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է ֆուտբոլային կարիերան:
Իր կարիերայի ընթացքում Օուենը հանդես է եկել «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում», «Նյուքասլում», «Մանչեսթեր Յունայթեդում»: Անցած ամառվանից Մայքլը համարվում է «Ստոկի» խաղացող: Անգլիայի ազգային հավաքականի կազմում նա մասնակցել է 89 հանդիպման և խփել 40 գնդակ:
Ակումբային մակարդակում Մայքլը խփել է 220 գոլ, հաղթել Պրեմիեր Լիգան, Անգլիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի գավաթը և երեք անգամ էլ Լիգայի գավաթը: 1998 թվականին Օուենը մասնակցել է Աշխարհի առաջնությանը, երբ ընդամենը 18 տարեկան էր: Այստեղ նա ամբողջ մոլորակով բարձրաձայնեց իր մասին՝ արգենտինացիների դարպասը խփելով իր հիանալի սոլո գոլը:
Վերջին ժամանակներս Օուենն առողջական խնդիրներ ունի և որոշել է ավարտել կարիերան:
-Լինելով «Լիվերպուլի» սան և դեբյուտային խաղս անցկացնելով 17 տարեկան հասակում, այնուհետև խաղալով «Ռեալի», «Նյուքասլի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ստոկի» կազմում, 89 հանդիպում անցկացնելով հավաքականի կազմում՝ այժմ զգում եմ, որ ճիշտ ժամանակն է կարիերաս ավարտելու համար,- հայտնել է հարձակվողը: BBC