Չնայած սպորտային ասպարեզում ձախողումներին, «Մանչեսթեր Յունայթեդը» ճանաչվել է երկրորդ ամենահարուստ ֆուտբոլային ակումբը:
Deloitte Money League 2015-ի հաշվետվությամբ, որը հրապարակվել է այսօր, վերլուծության են ենթարկվել աշխարհի 20 ամենահարուստ ակումբների ֆինանսական կարողությունները: 2013/14 մրցաշրջանում այդ 20 ակումբները ընդհանուր վաստակել են 5,2 մլրդ ֆունտ, որը 669 մլն-ով ավելի է, քան մեկ տարի առաջվա ցուցանիշը:
10-րդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որի շահույթը նախորդ մրցաշրջանում կազմել է 459,5 մլն ֆունտ: Չեմպիոնների Լիգայի գավաթակիրը իր նախորդ ցուցանիշի նկատմամբ կատարել է 3%-ի աճ:
Իր դիրքերը զիջել է կատալոնական «Բարսելոնան»՝ 405,2 մլն ֆունտ շահույթով զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Երկրորդ տեղում է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդը», որն ունեցել է շահույթի 19% աճ՝ 363,2 մլն ֆունտից հասցնելով 433,2 մլն ֆունտ: «Կարմիր սատանաների» տոկոսային այս աճը կապված է ակումբի կոմերցիոն գործարքների և շահութաբեր պայմանագրերի հետ: Deloitte պարբերականը վստահ է, որ «Յունայթեդն» ունի բոլոր շանսերն առաջիկայում «Ռեալին» շրջանցելու համար:
Նշենք, որ նախորդ տարին ֆինանսական առումով հաջողակ է եղել Պրեմիեր Լիգայի գրեթե բոլոր ակումբների համար: Ցուցակում վեցերորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիի» շահույթն ավելացել է 28%-ով, «Չելսիինը»՝ 25%, «Արսենալինը»՝ 23%, «Լիվերպուլինը»՝ 24%, «Տոտտենհեմինը»՝ 22%, «Նյուքասլինը»՝ 35%, «Էվերթոնինը»՝ 29%: