«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը գովեստի խոսքեր է ասել ֆուտբոլիստներին և երկրպագուներին «Վալենսիայի» նկատմամբ Եվրոպա Լիգայի խմբային փուլում հաղթանակ տանելուց հետո (0:3):
Հանդիպման հենց խաղասկզբում հակառակորդի կազմից ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամիի հեռացումը շատ օգտակար եղավ «կարապների» համար, ովքեր դրանից հետո երեք անպատասխան գնդակ ուղարկեցին «Վալենսիայի» դարպասը: Եվ Լաուդրուպն, ինչպես երբևէ, շատ ուրախ էր այդ արդյունքի համար:
-Ֆանտաստիկ խաղ էր: Իհարկե խաղասկզբին ցույց տված կարմիր քարտն իր ազդեցությունն ունենում է խաղի վրա, սակայն ես մի քանի դեպքեր տեսել եմ, երբ թիմը, որը քանակով զիջել է հակառակորդին, ի վերջո հաղթանակ է տարել:
Ոչ ոք չէր սպասում, որ մենք այստեղ երեք միավոր կվաստակենք, և այժմ առջևում մենք մեր հարկի տակ երկու հանդիպում պետք է անցկացնենք: Ես չգիտեմ` արդյոք խմբում այժմ մենք հանդիսանում ենք ֆավորիտներ, քանի որ վեց խաղից ընդամենը մեկն է ավարտվել:
Ես շատ ուրախ եմ բոլորիս համար, քանի որ հիմա ֆուտբոլիստները գիտեն, որ առանց որևէ խնդրի կարող են խաղալ մեծ ակումբների դեմ` մեծ մարզադաշտերում:
Մենք շատ երկրպագուներ ունեինք խաղադաշտում: Ես կարծում եմ, որ նրանց համար էլ գերազանց երեկո ստացվեց, և այս փորձը նրանք հավերժ կհիշեն,- Sky Sports-ի հետ հարցազրույցում հայտնել է Լաուդրուպը: