«Չելսին» պաշտոնապես հայտնել է շվեյացարիական «Բազելի» և Եգիպտոսի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոհամեդ Սալահի ձեռքբերման մասին:
Գործարքը գնահատվում է 11 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ 21-ամյա եգիպտացու տրանսֆերի հարցում համաձայնության գալու մասին «Չելսին» հայտնել էր դեռ հինգշաբթի օրը: Եվ մինչև գործարքի պաշտոնական ավարտը, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չէր կորցնում Սալահին ձեռք բերելու իր հույսերը:
«Ստոկ Սիթիի» դեմ այսօրվա խաղից առաջ Ժոզե Մոուրինյոն հայտնեց, որ տրանսֆերն ավարտին է հասել, իսկ արդեն խաղից հետո եղավ պաշտոնական հաղորդագրությունը: Սալահը, ով «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայում իր թիմի երկու խաղերում էլ դարձել է գոլի հեղինակ, այսուհետ կկրի «ազնվականների» 15 համարը: