«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ սևամորթ ֆուտբոլիստներով կբոյկոտեն աշխարհի 2018թ-ի առաջնությունը, եթե Ռուսաստանը չսկսի պայքարել ռասիզմի դեմ:
Ինչպես հայտնի է, Չեմպիոնների Լիգայի հերթական տուրում «Սիթին» արտագնա խաղ ունեցավ Մոսկվայում: «ԲԿՄԱ»-ի դեմ խաղից հետո «քաղաքայինների» կիսապաշտպանը դժգոհություն հայտնեց ռուս երկրպագուների ռասիստական արտահայտություններից: «Սիթին» արդեն պաշտոնական բողոք է ուղարկել ՈՒԵՖԱ, և գործի քննությունը կլինի հոկտեմբերի 30-ին:
Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը նաև հայտնել է, որ եթե Ռուսաստանը քայլեր չձեռնարկի այս ուղղությամբ, ապա իրենք կբոյկոտեն աշխարհի 2018թ-ի առաջնությունը:
-Իհարկե, սևամորթ ֆուտբոլիստներին երաշխիք է պետք: Դա շատ կարևոր է: Եթե մենք վստահ չլինենք, ապա կարող ենք չմասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ես խաղացել եմ նաև Ուկրաինայում, որտեղ այդքան էլ վատ չէր, սակայն այնտեղ էլ խնդիրներ կային:
Ես չեմ հասկանում, թե դա ինչ պատճառով է լինում ֆուտբոլում: Չեմ հասկանում, թե ֆուտբոլն ինչով է տարբերվում ռեգբիից, հանդբոլից կամ այլ սպորտաձևերից,- Տուրեի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: