«Յուվենտուսը» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդին տալ ֆուտբոլային կարիերան վերսկսելու հնարավորություն։
Գրինվուդի ֆուտբոլային կարիերան սկսեց կործանվել անցյալ հունվարից, երբ նա ձերբակալվեց իր ընկերուհուն ծեծելու և բռնաբարելու կասկածանքով։
Անցյալ ամիս հաղորդվեց, որ Մեյսոնն այլևս չի վերադառնա «Յունայթեդ»՝ որոշ խաղացողներ հանդերձարանում, ինչպես նաև «կարմիր սատանաների» կանանց թիմը դեմ են նրա վերադարձին:
Այնուամենայնիվ, Գրինվուդը ցանկանում է նորից ֆուտբոլ խաղալ, իսկ The Sun-ը իր բացառիկ հաղորդագրության մեջ պնդում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է խաղալու հնարավորություն տալ 21 ամյա անգլիացուն։
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում Գրինվուդի ծառայություններով և արդեն կապի մեջ է Մեյսոնի ճամբարի հետ: Թուրինյան ակումբը հույս ունի առաջիկա ամռանը երկարաժամկետ պայմանագիր կնքել հարձակվողի հետ։
«Յուվենտուս» տեղափոխվելու դեպքում Գրինվուդը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և «Ռոման», կվերամիավորվի «Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: