«Նյուքասլի» հարձակվող Քալում Ուիլսոնը բաց կթողնի նվազագույնը վեց շաբաթ, իսկ պաշտպան Սվեն Բոտմանը նույնիսկ ավելի երկար:
Ուիլսոնը ազդրի վնասվածք ստացավ մեկ շաբաթ առաջ Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության ժամանակ (2:0):
«Նյուքասլի» բժշկական անձնակազմը ակնկալում է, որ 31 ամյա անգլիացին չի խաղա մինչև դեկտեմբերի վերջ։
Ինչ վերաբերում է Բոտմանին, ապա նա չի խաղացել «Նյուքասլում» սեպտեմբերի վերջին «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 8:0 հաշվով հաղթանակից հետո: Սվենը խփեց «կաչաղակների» վերջին գոլը, որից հետո փոխարինվեց ծնկի վնասվածքի պատճառով։
Բոտմանի ապաքինումը ձգձգվում է, և «Նյուքասլի» բժշկական անձնակազմը նույնիսկ սկսել է մտածել, որ 23 ամյա հոլանդացին կարող է վիրահատության կարիք ունենալ:
Եթե Բոտմանը չկարողանա խուսափել վիրահատությունից, նրա վերադարձը կհետաձգվի առնվազն մինչև փետրվար:
«Նյուքասլը» կհանդիպի «Չելսիի» հետ միջազգային ընդմիջումից անմիջապես հետո, իսկ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն կարող է հույս դնել միայն Միգել Ալմիրոնի և Ալեքսանդր Իսակի վրա, որոնք կհասցնեն վերականգնվել այս հանդիպման համար: