«Չելսին», ում մարզիչը և ֆուտբոլիստներն անընդհատ դժգոհում են ընթացիկ մրցաշրջանում հագեցած խաղային ծրագրից, շուտով ստիպված կլինեն 16 օրում 6 խաղ խաղալ:
Այդ շրջանը «կապույտների» համար կսկսի մարտի 30-ից, երբ թիմը Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Սաութհեմպտոնի» հետ: Արդեն ապրիլի 1-ին «Չելսիին» սպասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումը:
Ընդամենը 3 օր հետո «ազնվականները» Եվրոպա Լիգայի շրջանակներում տանը կնդունեն «Ռուբինին», իսկ 2 օր հետո Պրեմիեր Լիգայում՝ «Սանդերլենդին»:
Ապրիլի 11-ին «Չելսին» «Ռուբինի» հետ պատասխան խաղի համար կմեկնի Ռուսաստան, որից 3 օր հետո կմասնակցի «Տոտտենհեմի» հետ լոնդոնյան դերբիին:
-Պահանջները չափից դուրս շատ են: Բացի հագեցած խաղային գրաֆիկը, պետք է հաշվի առնել, որ մեր որոշ ֆուտբոլիստներ դրանից առաջ մեկնելու են հավաքական,- ասել է Բենիտեսը: Sky Sports