«Արսենալի» լեգենդ Էմանուել Պետիտը կարծում է, որ «զինագործները» սխալվել են կիսապաշտպան Ֆաբիո Վիեյրային ձեռք բերելիս:
«Արսենալը» անցած ամառ 34 միլիոն ֆունտով գնեց Վիեյրային «Սպորտինգից»: Այդ ժամանակվանից ի վեր 22 ամյա պորտուգալացին Միկել Արտետայի թիմի մեկնարկային կազմում հայտնվել է երեք անգամ:
Ըստ Պետիտի՝ Վիեյրան ձախողել է իր դեբյուտային մրցաշրջանը Անգլիայում և դժվար թե ընդհանրապես կարողանա խաղալ Պրեմիեր լիգայում:
«Կարծում եմ, որ մինչ այժմ Ֆաբիո Վիեյրան ցույց չի տվել, որ ինքը ճիշտ մակարդակի վրա է «Արսենալում» խաղալու համար: Ես կարծում եմ, որ նա պատրաստ չէ Պրեմիեր լիգայում հանդես գալուն թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես»:
«Նա շատ լավ է տիրապետում գնդակին և կարող է կատարյալ լինել իսպանական առաջնության համար, որտեղ գերակշռում է տեխնիկան, ավելի քիչ է ֆիզիկական պայքարը և արագությունները այդքան էլ բարձր չեն , որքան ԱՊԼ-ն, բայց ես կարծում եմ, որ նա դեռ ցույց չի տվել, որ կարող է խաղալ ԱՊԼ-ում»։
«Կարելի է նաև ասել, որ նա կանոնավոր խաղային պրակտիկա չի ստանում: Նա չի կարող համեմատվել Էմիլ Սմիթ-Ռոուի հետ, ում ես համարում եմ «Արսենալի» ապագան։ Նրանք տարբեր են: Ամբողջ հարգանքով հանդերձ, ես կարծում եմ, որ Վիեյրային ձեռք բերելը հավանաբար, սխալ էր»,- Պետիտի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը։