«ՊՍԺ»-ն ցանկանում է իր նոր մարզչի դերում տեսնել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին և արդեն դիմել է պորտուգալացի մասնագետի ներկայացուցչին:
Այս մրցաշրջանում Կարլո Անչելոտիի գլխավորությամբ «ՊՍԺ»-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և հասել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ, սակայն հիմա իտալացուն ցանկանում է ձեռք բերել «Ռեալը», և Կարլոն նույնպես ուրախ կլիներ տեղապոխվել Մադրիդ:
Սկզբում արաբական գումարներով հարստացած «ՊՍԺ»-ն որպես Անչելոտիի փոխարինող տեսնում էր Գուս Հիդինգին, սակայն նա երկարաձգել է պայմանագիրը Մախաչկալայի «Անժիի» հետ:
Սրա հետ կապված, Ֆրանսիայի չեմպիոններն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են հավակնոտ և առաջադեմ մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կողմը, ում պայմանագիրը լոնդոնցիների հետ մինչև 2015 թվականն է: Ինչպես հայտնում է The Guardian-ը, «ՊՍԺ»-ն արդեն դիմել է Անդրեի ներկայացուցչին:
Նշվում է, որ «ՊՍԺ»-ի շանսերը Վիլաշ-Բոաշին ձեռք բերելու համար գրեթե չնչին են:
-Ես պայմանագիր ունեմ: «Տոտտենհեմն» ինձ հնարավորություն է տվել, և ես անչափ շնորհակալ եմ դրա համար,- ապրիլին հայտարարել էր Վիլաշ-Բոաշը, երբ նրանով հետաքրքրված էր «Ռեալ Մադրիդը»: