«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է թիմի ավագ Ջորդան Հենդերսոնի տեղափոխությունը Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իտիֆակ»:
Նախօրեին Հենդերսոնն իր Instagram-ում հայտարարեց «Լիվերպուլից» հեռանալու մասին, իսկ նույն օրը նրան տեսել էին Խորվաթիայում «Ալ Իտիֆակի» հետ մարզվելիս:
Եվ այսօր Հենդերսոնի տրանսֆերը, որի արժեքը կազմում է մոտ 12 մլն ֆունտ, գումարած բոնուսներ, վերջնականապես հաստատվեց: «Ալ Իտիֆակում» Ջորդանը շաբաթական 700 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր է ստացել:
33 ամյա ֆուտբոլիստի՝ գումար վաստակելու համար Սաուդյան Արաբիա մեկնելու որոշման առանցքը եղել է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդի ներկայությունը, ով վերջերս նշանակվեց «Ալ Իտիֆակի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Այսպիսով, Հենդերսոնը հեռանում է «Լիվերպուլից» ակումբում անցկացրած 12 մրցաշրջաններից հետո։ Այս ընթացքում Ջորդանը անցկացրել է 492 հանդիպում, որոնցից՝ 43-ը նախորդ մրցաշրջանում և խփել 33 գոլ։ Պրեմիեր լիգայում մերսիսայդցիների մարզաշապիկը ավելի հաճախ կրել են միայն Ջեյմի Կարագերն ու վերոհիշյալ Ջերարդը։
Այդ 12 մրցաշրջանների ընթացքում Հենդերսոնը «Լիվերպուլի» հետ հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի երկու գավաթը, Չեմպիոնների լիգան, ինչպես նաև Անգլիայի սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։