«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։
Հավաքականի իր առաջին իսկ խաղի 3-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով՝ 18֊ամյա Ռեշֆորդը «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին ստիպեց իրեն ընդգրկել Եվրո-2016֊ի վերջնական հայտացուցակում։
Վերջին ամիսները պարզապես խելահեղ էին «Յունայթեդի» սանի համար, սակայն Ռեդնապը կարծում է, որ Ռեշֆորդը մրցակցությունում կպարտվի անգլիացիների մյուս հարձակվողներին՝ ի դեմս Հարի Քեյնի, Ջեյմի Վարդիի, Դանիել Սթարիջի և Ուեյն Ռունիի։
֊Ես չեմ կարողանում պատկերացնել, որ նա կխաղա Եվրոյին։ Նա ինձ դուր է գալիս, և ապագայում նա մեծ ֆուտբոլիստ կդառնա։ Սակայն մենք ունենք Քեյն, Վարդի, Սթարիջ, Ռունի։ Հոջսոնի ընտրությունը մեծ է հարձակման գծում։
Չեմ պատկերացնում, որ Ռեշֆորդն անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն ստանա,֊ ասել է Ռեդնապը։ Sky Sports