«Բրենտֆորդի» հարձակվող Իվան Թոնին կարող է հրավիրվել Անգլիայի հավաքական Իտալիայի և Գերմանիայի դեմ Ազգերի լիգայի խաղերին:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» անորոշ ժամանակով կորցրել է Մարկուս Ռեշֆորդին, ով սեպտեմբերի սկզբին «Արսենալի» դեմ խաղում մկանային վնասվածք էր ստացել։
Ռեշֆորդի վնասվածքը կարող է դեպի ազգային թիմ դուռ բացել 26-ամյա Թոնիի համար, ով նոր մրցաշրջանը հիանալի մարզավիճակում է սկսել Պրեմիեր լիգայում հինգ գոլով և երկու գոլային փոխանցումով:
Ինչպես նշում է The Guardian-ը, այս մրցաշրջանում ոչ մի անգլիացի խաղացող չի խփել ավելի շատ գոլ եվրոպական թոփ-5 լիգաներում, քան Թոնին, ուստի Իվանին հավաքական հրավիրելը Անգլիայի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի կողմից տրամաբանական քայլ է թվում:
Բացի այդ, Իտալիայի ու Գերմանիայի դեմ հանդիպումները Անգլիայի հավաքականի համար վերջինը կլինեն նոյեմբերին Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։