«Տոտտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, որ մեծ անհամբերությամբ սպասում է կիրակի օրը կայանալիք հյուսիսլոնդոնյան դերբիին:
28-ամյա իսպանացին ընդամենը երկու խաղ է անցկացրել «Տոտտենհեմի» կազմում և արդեն խփել է երկու գոլ, որոնք էլ երկու խաղերում հաղթական են եղել: Ռոբերտոն խոստովանել է, որ հաճույք է ստանում լոնդոնյան ակումբում խաղալով և անհամբերությամբ սպասում է հավերժ թշնամի ակումբի հետ խաղին, որը տեղի կունենա այս կիրակի:
-Իմ խաղընկերները պատմել են ինձ, թե ինչ է նշանակում այս դերբին: «Տոտտենհեմն» ընդդեմ «Արսենալի» հանդիպումն ակումբի ամենագեղեցիկ ու ամենասպասված խաղերից է, և յուրաքանչյուրն, ով հանդես է գալիս այս ակումբներում, ցանկանում է մասնակցել այս դերբիին:
Այս խաղը «Տոտտենհեմի» ամենագլխավոր մրցակցի հետ է, ես չեմ համբերում խաղալ այդ մթնոլորտում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք երեք միավոր վաստակել այդ խաղում:
Միշտ կարևոր է գոլեր խփելը, և ես ցանկանում եմ շարունակել դա անել թիմի համար,- Սոլդադոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Տոտտենհեմի» նորեկը նաև առանձնահատուկ նշում է, թե ինչպես են երկրպագուներն առաջին իսկ օրվանից իրեն աջակցություն ցուցաբերում:
-Աջակցությունը, որը ես ստացա իմ առաջին ելույթի ժամանակ ` «Էսպանյոլի» հետ ընկերական խաղում, հոյակապ էր: Լսել թե ինչպես են երկրպագուները երգելով արտաբերում քո անունը, դա յուրահատուկ զգացողություն է, և ես հույս ունեմ, որ դա շարունակական բնույթ կկրի,- ավելացրել է Սոլդադոն: