«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ եզրային հարձակվող Բուկայո Սական և հարձակվող Գաբրիել Մարտինելին պատրաստ կլինեն մրցաշրջանի վերսկսմանը:
«Արսենալն» այժմ պատրաստվում է «Վեստ Հեմի» դեմ «Boxing Day»-ի հանդիպմանը: Եվ չնայած անգլիացի Սական և բրազիլացի Մարտինելին դեռ չեն սկսել մարզվել ընդհանուր խմբի հետ, երկուսն էլ արդեն վերադարձել են ակումբի մարզաբազա՝ աշխարհի առաջնությունում իրենց հավաքականների համար խաղալուց հետո:
«Մտահոգություն չունեմ: Նրանք շատ լավ հսկողության տակ են և մոտ օրերս կմարզվեն մեզ հետ, այնպես որ, հուսով եմ, նրանք պատրաստ կլինեն: Նրանք վերադարձան թիմ և անմիջապես մտան ռիթմի մեջ՝ պահպանելով մարզավիճակն ու ոգին»։
«Մենք սպասում ենք նրանց, և իրենք նույնպես հույս ունեն, որ շուտ կվերադառնան։ Ես զրուցել եմ երկուսի հետ էլ: Գաբին շաբաթ օրն այստեղ էր, և իր հետ բերել էր իր լայն ժպիտը, մեծ էներգիան և կրկին աշխատելու պատրաստակամությունը: Սա մեծ խթան կլինի թիմի համար»,- Արտետային է մեջբերում talkSPORT-ը։