«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն իր մրցանակների թիվն ավելացրել է ևս երկուսով: Ուրուգվացի ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի վարկածով ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ և ստացել է առաջնության «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Պրեմիեր Լիգայի 2013/14 մրցաշրջանում Լուիսը դարձել է 31 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ «կարմիրները» մրցաշրջանն ավարտեցին երկրորդ հորիզոնականում:
Այս պարագայում, 27-ամյա հարձակվողն, ով արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների և լրագրողների կողմից ճանաչվել էր տարվա ֆուտբոլիստ, ևս մեկ մրցանակ է ստացել Պրեմիեր Լիգայից և պարգատրվել «Ոսկե խաղակոշիկով», որն ավանդաբար տրվում է առաջնության լավագույն ռմբարկուին:
Իսկ ահա «Ոսկե ձեռնոցով» պարգևատրվել են «Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին և «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը, ովքեր առաջնության 16 խաղում անառիկ են պահել իրենց դարպասը: «Կապույտների» դարպասապահի համար սա արդեն երրորդ նմանատիպ մրցանակն է իր կարիերայում:
Եվ վերջապես, Պրեմիեր Լիգայի վարկածով տարվա մարզիչ է ճանաչվել Տոնի Պյուլիսը՝ «Կրիստալ Փելեսից»: