«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ չգիտի, թե որտեղ է գտնվում իր կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Գաղտնիք չէ, որ «Օլդ Թրաֆորդում» անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո 27-ամյա արգենտինացին մտածում է ակումբը փոխելու մասին: Արգենտինացու համար գլխավոր պայքարողը համարվում է ՊՍԺ-ն:
Սակայն փարիզեցիները դեռևս չեն համաձայնեցրել Դի Մարիայի տրանսֆերը, ով անցած ամառ «կարմիր սատանաներին» միացավ 59,7 մլն ֆունտով: Հաղորդվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը ֆուտբոլիստի համար առաջարկել է 28,5 մլն ֆունտ: Ակնհայտ է, որ այդ գումարը չի գոհացնում «Յունայթեդին»:
Սպասվում էր, որ Անխելը Լուի վան Գալի թիմի հետ կմեկնի ԱՄՆ, սակայն ֆուտբոլիստը մինչ այժմ չի միացել «Յունայթեդին», չնայած, որ պետք է Սան Խոսեում լիներ դեռ անցած շաբաթ:
-Ես չեմ ցանկանում պատասխանել նույն հարցին: Եթե ինչ որ բան հայտնի լինի, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կհրապարակի այդ ինֆորմացինա, սակայն այժմ գործընթաց է գնում:
Ես չգիտեմ, թե նա այժմ որտեղ է գտնվում: Միգուցե՞ դուք դա գիտեք: Ես չեմ ցանկանում խառնվել իրավիճակին,- վան Գալի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: