«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի հանդիպումը, որը վաղն է կայանալու:
Նախքան «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը Վան Պերսին մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Առանց իր գլխավոր ռմբարկուի «կարմիր սատանաներն» անօգնական վիճակում էին հայտնվել «քաղաքայինների» դեմ խաղում` կրելով 4:1 հաշվով պարտություն:
Ավելի վաղ, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույս ուներ, որ Հոլանդիայի հավաքականի ավագը կապաքիվի մինչև վաղվա հանդիպումը, սակայն այժմ պարզ է դարձել, որ Ռոբինի վերադարձը հետաձգվում է մինչև շաբաթվա վերջ:
-Ես չեմ կարծում, որ վաղը նա կխաղա: Հուսանք, որ մինչև «Վեստ Բրոմվիչի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղը նա պատրաստ կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ այժմ Մոյեսը պետք է կառուցի հարձակման գիծը` Դենիել Ուելբեքի, Խավիեր Էրնանդեսի և Ուեյն Ռունիի միջոցով: