«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը վստահություն է հայտնել, որ վինգեր Ալեխանդրո Գառնաչոն այս մրցաշրջանում կրկին կխաղա:
Անցած մրցաշրջանում «Յունայթեդում» իր նորամուտը նշելուց հետո Գառնաչոն այս մրցաշրջանում հաստատվեց որպես հիմնական թիմի խաղացող՝ այդ ճանապարհին խփելով չորս գոլ:
Այնուամենայնիվ, Ալեխանդրոն շարքից դուրս է մնացել մարտի 12-ից, երբ նա կոճի վնասվածք ստացավ Պրեմիեր լիգայի «Սաութհեմպտոնի» դեմ գոլազուրկ խաղում։
Տեն Հագը չի ցանկանում ասել, թե երբ 18 ամյա արգենտինացին կվերադառնա խաղադաշտ, բայց դա պետք է լինի մինչև այս մրցաշրջանի ավարտը:
«Մեր գլխում որոշ մտքեր կան այդ մասին, բայց ես չեմ ցանկանում դրանք բացահայտել: Նա անպայման կվերադառնա մինչև մրցաշրջանի ավարտը»:
«Կարծում եմ, որ նրա վերականգնումը վերջին փուլում է, բայց ես չեմ ցանկանում ավելորդ ճնշում գործադրել բժշկական անձնակազմի և Գառնաչոյի վրա՝ նշելով նրա վերադարձի ամսաթիվը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը։