«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան պաշտոնապես հայտնել է, որ ցանկանում է շարունակել վարձակալությամբ հանդես գալ Մադրիդի «Ատլետիկոյում» նաև հաջորդ մրցաշրջանում:
Իսպանական ակումբում անցկացրած երկու տարիների ընթացքում Կուրտուան հսկայական առաջընթաց է գրանցել: Այս շաբաթ օրն իսպանական առաջնությունն ավարտվում է, և Կուրտուան պետք է վերադառնա «Սթեմֆորդ Բրիջ», թեկուզ և ժամանակավոր: Մինչդեռ 21-ամյա բելգիացին հաստատ որոշել է հետ վերադառնալ «Ատլետիկո»:
«Ցանկանում եմ մնալ այստեղ ևս մեկ տարի և շարունակել հաճույք ստանալ: Շատ շնորհակալություն «Ատլետիկոյի» երկրպագուներին ընթացիկ մրցաշրջանի համար: Ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում անհավանական էր»,- գրել է Կուրտուան իր թվիթերյան էջում:
Ավելացնենք, որ «Ատլետիկոյում» հանդես գալու տարիներին Կուրտուան հաղթել է Իսպանիայի գավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և Եվրոպա Լիգայում: