Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի տեղի «Տոտտենհեմին»:
Լուի վան Գալը կարողացավ «կարմիր սատանաներին» վերադարձնել իրենց առաջվա խաղը: Նախորդ մրցաշրջանից հետո, երբ Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբը տեղը չգտավ անգամ Եվրոպա Լիգայի գոտում, այժմ նրանք լավագույն եռյակում են և կարող են անգամ միջամտել չեմպիոնական պայքարին:
Նրանց այսօրվա մրցակցի առաջադրանքն է տեղ գտնել լավագույն քառյակում: Մաուրիսիո Պոչետինոյի սաներն այժմ 30 միավորով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Այս մրցաշրջանում լոնդոնյան ակումբի «հարազատ» հաշիվն է դարձել 2:1-ը: «Տոտտենհեմը» վերջին 10 խաղերից 8-ն ավարտել են հենց այդ հաշվով:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 180 անգամ և առավելությունը մանկունյանցիների կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 84-ում: 48 անգամ գրանցվել է խաղաղ ելք և նույնքան անգամ հաղթել է «Տոտտենհեմը»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2