«Տոտտենհեմը» շարունակում է փորձերը՝ ձեռք բերելու «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին, միևնույն ժամանակ հույս ունենալով գնել Ռոբերտո Սոլդադոյին «Վալենսիայից»:
Լոնդոնյան ակումբն այս պահին լրջորեն մտածում է թիմն ուժեղացնելու մասին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:
Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, «Տոտտենհեմը» նորից սկսել է բանակցությունները՝ գնելու 23-ամյա Դամիաոյին, ում չկարողացան ձեռք բերել անցած ձմռանը: Սպասվում է, որ «Ինտերնասիոնալը» վերջապես պատրաստ կլինի բաժանվել իր աստղից և կպահանջի մոտ 16 մլն ֆունտ:
Ինչ Սոլդադոյին է վերաբերվում, ապա «Վալենսիան» նրա դիմաց պահանջում է նվազագույնը 30 մլն ֆունտ: Այնուամենայնիվ, Չեմպիոնների Լիգայում չհայտնվելը կարող է ստիպել իսպանական ակումբին նվազեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:
Պարբերականի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիի տարբերակը: Մինչդեռ ֆրանսիացին կասկածվում է բռնաբարության մեջ, և «Տոտտենհեմը» ցանկանում է սպասել այդ իրավիճակի պարզաբանմանը: