«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Յունես Կաբուլը դարձել է ակումբի նոր ավագը: Այս ամռանը լոնդոնյան ակումբը վաճառեց իր ավագ Մայքլ Դոուսոնին: Գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մինչև երեկ չէր կողմնորոշվում, թե ում վստահեր ավագի թևկապը:
Ի վերջո արգենտինացի մասնագետի ընտրությունը կանգնեց 28-ամյա Կաբուլի վրա, ով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է իր թիմի բոլոր խաղերին: «Տոտտենեհմի» երկրորդ ավագն Ուգո Լյորիսն է, իսկ երրորդը՝ Էմանուել Ադեբայորը:
-Կաբուլն ունի ավագի համար բոլոր անհրաժեշտ որակները: Նա ունի բնավորություն, որով կարող է առաջ տանել թիմին, ինչպես նաև հարգանք թիմակիցների նկատմամբ,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Պոչետինոն:
Ավելացնենք, որ ֆրանսիացի պաշտպանն առաջին անգամ «Ուայթ Հարթ Լեյն» է տեղափոխվել 2007թ-ին, որից մեկ մրցաշրջան հետո նրան վաճառեցին «Պորտսմուտին»: Սակայն 2010թ-ին Հարի Ռեդնապը, ով այդ ժամանակ գլխավորում էր «Տոտտենհեմը», որոշեց Կաբուլին վերադարձնել Հյուսիսային Լոնդոն: