«Տոտտենհեմի» սեփականատեր Ջո Լյուիսը ակումբի նախագահ Դանիել Լևիից պահանջել է վաճառել հարձակվող Հարի Քեյնին, եթե վերջինս նոր պայմանագիր չստորագրի։
Ինչպես գիտեք, Քեյնի գործող պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի, և մեկ տարում իր լավագույն խաղացողին առանց որևէ փոխհատուցման կորցնելու հեռանկարը, հատկապես, եթե Հարին գնա Պրեմիեր լիգայում մրցակից թիմերից մեկի կազմ, չի գրավում «Տոտտենհեմի» ղեկավարներին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լյուիսը Քեյնին թույլ չի տա սպասել մինչև պայմանագրի ավարտը։ Ուստի Ջոն Լևիից պահանջել է այս ամառ որոշել Անգլիայի հավաքականի ավագի ճակատագիրը։
Իդեալական դեպքում, «Տոտտենհեմը» կցանկանար նոր պայմանագիր կնքել 29 ամյա Քեյնի հետ: Լոնդոնյան ակումբը պատրաստ է նրա աշխատավարձը հասցնել շաբաթական 400.000 ֆունտի։
Բայց եթե Քեյնը հրաժարվի երկարաձգել համագործակցությունը, ինչպես օրերս հայտնեցին մի շարք լրատվամիջոցներ, նա կհեռանա ակումբից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լյուիսի ուլտիմատումը նշանակում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադարձել է Քեյնի համար մղվող պայքար, չնայած մինչ այժմ Հարիի միակ իրական հավակնորդը համարվում էր «Բավարիան», որն արդեն երկու առաջարկ է կատարել անգլիացու համար:
«Յունայթեդը» նախկինում հրաժարվել էր Քեյնի համար պայքարից, քանի որ Լևին չէր ցանկանում բանակցել Պրեմիեր լիգայի իր մրցակիցների հետ և ավելի քան 100 միլիոն ֆունտ էր պահանջում Հարիի համար:
Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա գերմանական գրանդը դեռ չի առաջարկել 70 միլիոն ֆունտից ավելի Քեյնի համար: