«Տոտտենհեմն» ու «Արսենալը» կմիավորեն իրենց ուժերը՝ պայքարելու երկրպագուների վիրավորական երգերի դեմ: Թիմերն այս կիրակի խաղալու են միմյանց հետ:
Անցած մրցաշրջանում լոնդոնյան այս երկու թիմերի միջև հանդիպումներն աչքի ընկան երկրպագուների ահավոր երգերով: «Արսենալի» երկրպագուներն անհաճո երգեր էին երգում Էմանուել Ադեբայորի մասին, որն ավելի վաղ հանդես էր գալիս իրենց ակումբում: «Տոտտենհեմի» երկրպագուներն էլ պատասխանեցին նրանց՝ վիրավորելով Բակարի Սանյային, որն այդ պահին բուժօգնություն էր ստանում:
Հերթական խաղից երկու օր առաջ ակումբների ներկայացուցիչները շտապել են հիշեցնել երկրպագուներին նման վարքագծի անթույլատրելիության մասին: «Տոտտենհեմը» խաղից առաջ ցույց կտա մի ծրագիր, որն արված է հենց այս հանդիպման համար: