«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը հայտնել է, որ պատրաստ է մինչև պայմանագրի ավարտը (2016թ) խաղալ լոնդոնյան ակումբում:
2011թ-ի հունվարին «կապույտները» Իսպանիայի հավաքականի հարձակվողի համար վճարեցին ռեկորդային 50 մլն ֆունտ, սակայն Տորրեսը «Սթեմֆորդ Բրիջում» այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր տաղանդը:
Արդեն մի քանի ամիս խոսվում է, որ ամռանը Տորրեսը կվերադառնա իր նախկին ակումբ Մադրիդի «Ատլետիկո»: Տորրեսը կարող է նաև Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի մաս կազմել, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Չելսին»:
29-ամյա Տորրեսը դեմ չէ վերադառնալ իր հայրենի ակումբ, սակայն ոչ այժմ: Ֆերնանդոն կարծում է, որ «Չելսիում» դեռ կարող է ինչ-որ բան անել:
-Ես երբեք չեմ թաքցրել, որ երախտապարտ եմ «Ատլետիկոյին», որովհետև այդ ակումբը ինձ շատ բան տվեց: Սակայն իրականությունը այն է, որ ես «Չելսիում» եմ և պայմանագրով դեռ երեք տարի ունեմ:
Ես պետք է շատ բան անեմ «Չելսիի» համար: Այս պահին «Ատլետիկո» վերադարձը անհնարին է,- Տորրեսի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Ավելացնենք, որ Տորրեսը «Չելսիում» անցկացրած 116 խաղում դարձել է ընդամենը 29 գոլի հեղինակ: