Անգլիական Չեմպիոնշիփի առաջատար «Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է 40 հզր նստատեղ ունեցող նոր մարզադաշտ կառուցելու ամբիցիոզ ծրագրի մասին:
«Ռեյնջերների» այժմյան 18 հզր տեղանոց մարզադաշտը՝ «Լոֆտուս Ռոուդը» կառուցվել է 1917 թվականին: Ակումբի սեփականատեր Տոնի Ֆերնանդեսը որոշել է մարզադաշտը վերակառուցելու փոխարեն նորը կառուցել:
Նոր մարզադաշտը կկառուցվի Լոնդոնի արևմուտքում՝ Old Oak շրջանում: Ակումբն արդեն բանակցություններ է սկսել քաղաքային իշխանության հետ, սակայն մինչ շինարարական աշխատանքները սկսելն անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքների ամբողջական ծրագիրը:
Ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Լոֆտուս Ռոուդը» եղել և կմնա ակումբի և երկրպագուների համար հատուկ վայր, սակայն մեզ անհրաժեշտ է 18 հզր նստատեղից ավել մարզադաշտ: Չունենալով մարզադաշտի նստատեղերն ավելացնելու հնարավորություն՝ մենք որոշեցինք այլ տարբերակ դիտարկել: Մենք այժմ հնարավորություն ունենք նոր մարզադաշտ կառուցել Old Oak շրջանում, որը նաև կխթանի Լոնդոնի այդ շրջանի զարգացմանը:
Այս ծրագրից կշահի նաև լոնդոնի բնակիչը, քանի որ նոր տրանսպորտային ուղիներ կլինեն, կկառուցվեն 24 հզր նոր բնակարաններ և կստեղծվեն նվազագույնը 50 հզր աշխատատեղեր: