«Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստները չեն տոնելու Սուրբ Ծննդյան տոները: The Telegraph-ը տեղեկացնում է, որ ակումբը նման որոշում է կայացրել Պրեմիեր Լիգայի հերթական անհաջողությունից հետո:
«Ռեյնջերսն» այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը 16-րդ տուրից հետո: Թիմն ունի ընդամենը 6 միավոր և դեռ ոչ մի հաղթանակ: Հարի Ռեդնապի գալուց հետո թիմը սկսել է չպարտվել:
«Քուինս Պարկ Ռեյնջերսի» առջև դժվար խնդիր է դրված` դուրս չմնալ Պրեմիեր Լիգայից: Ահա թե ինչու նրանք չեն ուզում շեղել իրենց ուշադրությունը իրենց այս խնդրից: Նույնիսկ եթե խոսքը վերաբերվում է ավանդական Ծննդյան տոների տոնակատարությանը:
-Մենք այս տարի տոնակատարություն չենք կազմակերպի: Դուք գիտե՞ք, թե մենք ո´ր հորիզոնականում ենք գտնվում,-ասել է «ՔՊՌ»-ի ներկայացուցիչը: