Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին համարում է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկը։
29 տարեկանում Քեյնը դեռևս ոչ մի գավաթ չի նվաճել, բայց Կապելոն կարծում է, որ դա չի կարող խամրեցնել Հարիի փայլը, ով տարբերվում է դասական հարձակվողից՝ օգնելու և խաղը շարունակելու ունակությամբ:
«Կարծում եմ՝ Քեյնը բոլոր ժամանակների լավագույն հարձակվողներից մեկն է: Նա շատ բախտավոր է, որ Կոնտեն մարզում է իրեն և օգնում կատարելագործվել»:
«Քեյնը պարզապես չի սպասում գնդակին: Հիմա նա սկսել է նահանջել և կառուցել խաղը: Նա գոլեր խփող և գոլային փոխանցումներ կատարող հարձակվող է»:
«Համեմատենք այնպիսի մեծերի հետ, ինչպիսին բրազիլացի Ռոնալդոն էր, նա շատ գոլային փոխանցումներ չէր կատարում, նա պարզապես գոլեր էր խփում»:
«Քեյնն այն խաղացողն է, ով մասնակցում է գրոհների կառուցմանը, և հաճախ հենց ինքն է դառնում գոլային փոխանցումների հեղինակ: Կարծում եմ, որ նա ամենակարևոր խաղացողն է Անգլիայի հավաքականում»,- ասել է Կապելոն Sky Sports-ին տված հարցազրույցում: