«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հայտնել է, որ չի բանակցում «Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ, Մոյեսի հետևից «Օլդ Թրաֆորդ» կտեղափոխվի նաև Ֆելայնին: Մինչդեռ 25-ամյա բելգիացին այդ մասին չի խոսել իր նախկին մարզչի հետ:
-Մոյեսը լավ առաջարկ ստացավ, և ես հասկանում եմ, թե ինչու նա ընդունեց այն: Այնուամենայնիվ, նա երբեք չի ասել, որ պատրաստվում է ինձ իր հետ տանել «Յունայթեդ»: Բամբասանքները ֆուտբոլի անբաժանելի մասն են, և ես դրանց մի մասին եմ միայն ուշադրություն դարձնում:
Իհարկե, բոլորին էլ դուր է գալիս, երբ իրենց անունը կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի հետ, սակայն ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Իմ ապագան կապված է «Էվերթոնի» հետ՝ Անգլիայի ամենամեծ ակումբներից մեկի, և մարզչի փոփոխությունը ոչինչ չի փոխում:
Անկասկած, ես կարոտում եմ Չեմպիոնների Լիգայում խաղալուն, և մենք անցած մրցաշրջանում արժանի էինք ուղեգրի: Ամեն դեպքում ես երջանիկ եմ այստեղ, իսկ մնացածը սովորական բամբասանքներ են,- հայտնել է Մարուանը: Sky Sports