Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան կարող է պատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին՝ «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին հարվածելու համար:
Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» հանդիպման 86-րդ րոպեին: Տորրեսը նոր էր ոտքի կանգնել, երբ Ռիոն հարվածեց ֆուտբոլիստի մեջքին, և նա նորից հայտնվեց խոտածածկին: Ֆերդինանդն արագ հասկացավ իր սխալը և օգնեց իսպանացուն բարձրանալ:
Խաղի մրցավար Հովարդ Վեբը չնկատեց այդ դրվագը: Այդ իսկ պատճառով այժմ Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան ուսումնասիրում է խաղի տեսագրությունը, որից հետո արդեն որոշում կկայացնի:
-Ես կրկնությունը չեմ դիտել: Դուք կարող էիք դա տեսնել: Սա է ձեր առավելությունը,- խաղից անմիջապես հետո հայտնել է «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն: