Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից՝ թողնելով «իրիսներին» Պրեմիեր լիգայի վերջից 2-րդ հորիզոնականում:
Լեմպարդը գլխավորում է «Էվերթոնը» 2022 թվականի հունվարից՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։ Ֆրենկը ստանձնեց մերսիսայդյան թիմը 16-րդ տեղում և օգնեց նրանց խուսափել Չեմպիոնշիփից:
Այնուամենայնիվ, «Էվերթոնի» գործերն այս մրցաշրջանում վատից էլ վատ են: Անցյալ շաբաթ օրը «Վեստ Հեմից» կրած 2:0 հաշվով պարտությունը «իրիսների» համար իններորդն էր Պրեմիեր լիգայի վերջին 12 հանդիպումներից:
Այսպիսով, այժմ 44 ամյա մարզիչը հեռացել է, և «Էվերթոնը», որը կհանդիպի «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ առաջիկա երկու հանդիպումներում, փնտրում է հինգ տարվա ընթացքում իրենց վեցերորդ գլխավոր մարզչին:
Թեկնածուների թվում, որոնց այժմ կարող է դիմել Գուդիսոն Պարկի ակումբը, The Guardian-ը նշում է Ռալֆ Հասենհյուտլին և Շոն Դայչին: Նաև չի կարելի բացառել, որ «իրիսները» սեզոնի մնացած հատվածում կանգ առնեն ժամանակավոր տարբերակի վրա։
Բացի այդ, հաղթանակների տոկոսով Լեմպարդը դարձավ Էվերթոնի պատմության երկրորդ վատագույն մարզիչը Մայք Ուոքերից հետո։