«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ իր համար դժվար կլինի մերժել ՊՍԺ տեղափոխվելու առաջարկը, եթե այդպիսին լինի։
Մեկ տարի առաջ Ազարը նոր պայմանագիր ստորագրեց «կապույտների» հետ, որը, թվում էր՝ վերջ կդնի նրա տրանսֆերի հետ կապված խոսակցություններին։
Սակայն այժմ Էդենը կրկին մտածում է իր ապագայի մասին։ 25-ամյա Ազարը, ով նախորդ տարի ճանաչվեց Պրեմեիր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ, ընթացիկ մրցաշրջանում անճանաչելի է դարձել։ Նա ընդամենը մեկ գոլ է խփել, այն էլ 11 մետրանոցից։
Բացի այդ, հավանականությունը մեծ է, որ «Չելսին» կմնա առանց Չեմպիոնների Լիգայի, և ՊՍԺ-ի հետ առաջիկա խաղից առաջ «Լիլլի» նախկին ֆուտբոլիստն ակնարկել է, որ իրեն հետաքրքրում է Ֆրանսիա վերադառնալու տարբերակը։
-Դժվար կլինի մերժել ՊՍԺ-ի առաջարկը։ Նա այն ակումբներից է, որը կարող է պայքարել Չեմպիոնների Լիգան հաղթելու համար։ Իսկ ինձ համար Չեմպիոնների Լիգայի հաղթանակը գլխավոր նպատակ է։ Սակայն այժմ այդ մասին չեմ մտածում,- ասել է Ազարը։ Le Parisien