Պարտվել մրցաշրջանի առաջին խաղում` լոնդոնյան դերբիում, այն էլ սեփական երկրպագուների աչքի առաջ, բնականաբար չէր մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պլանների մեջ: Ինչևէ, «Արսենալը» պարտվեց «Վեստ Հեմին» 0:2 հաշվով: Եկեք հասկանանք, որոնք էին խաղի այսպիսի ելքի պատճառները:
Կարելի է երկու տեսանկյունից մոտենալ այս հարցին: Առաջինը` «Արսենալը» պարտվեց «Վեստ Հեմին», իսկ երկրորդ` «Վեստ Հեմը» հաղթեց «Արսենալին»: Իրականում այս երկու մտքերը իրենցից շատ բան են ներկայացնում: Փորձենք առանձին-առանձին քննարկել դրանք:
Դիտարկենք «Արսենալի» տեսանկյունից:
Արսեն Վենգերը մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս բերել հետևյալ ֆուտբոլիստներին՝
Այս պահի դրությամբ այն բոլոր խաղացողներն, ովքեր գտնվում էին լավ մարզավիճակում և իրենց լավ էին դրսևորել նախամրցաշրջանային փուլում` հայտվել են մեկնարկային կազմում:
Պարտության պատճառների մասին.
1) Պաշտպանությունում տիրող քաուսը
«Արսենալի» պաշտպանության գիծն այսօր հիասթափեցրեց բացառապես ամեն ինչով: Պաշտպանվելիս ֆուտբոլիստները թերանում էին:
Չափազանց վատ հանդիպում անցկացրեց ֆրանսիացի Լորան Կոսելնին: Նա թերացավ առաջին բաց թողած գոլի ժամանակ` չհետևելով մրցակցի ֆուտբոլիստ Շեյխու Կույատեին: Նույնը վերաբերում է նաև Նաչո Մոնրեալին: Նրանք երկուսով կանգնած հետևում էին, թե ինչպես է Կույատեն գրավում իրենց թիմի դարպասը: Այս նկարում ավելի պատկերավոր է երևում Կոսելնիի և Մոնրեալի գործողությունները:
Բաց թողած առաջին գոլի ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեց նաև «զինագործների» դարպասապահ Պետր Չեխը: Նա ժամանակից շուտ դուրս եկավ դարպասից, անհաշվենկատ գործեց և արդյունքում բաց թողեց «Արսենալի» կազմում Պրեմիեր Լիգայի իր առաջին գնդակը: Երկրորդ բաց թողած գոլի ժամանակ, ևս Չեխը սխալ թույլ տվեց: Կորցրեց զգոնությունն ու ցատկեց հարվածի հակառակ ուղղությամբ: Իսկ պաշտպանների գործողություններն այդ դրվագում ինչպես միշտ անհասկանալի էին: Երբ երկու կիսապաշտպանները` Կոկլենն ու Օքսլեյդ-Չեմբերլենը նահանջում են ապահովագրելու պաշտպաններին, վերջիններս պետք է փորձեն փակել արդեն առաջացած ազատ գոտիները, իսկ նրանք թույլ տվեցին Մաուրո Սարատեյին հարված կատարել:
Բացի պաշտպանական գործողություններից պասիվ էր նաև խաղը եզրերում: Դեբյուշին և Մոնրեալը շատ քիչ էին միանում գրոհներին, այդպիսով ծանրաբեռնելով հարձակման գծում խաղացող իրենց թիմակիցներին:
2) Իսկական գոլահարի բացակայությունը
Հետևելով ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան առաջին դերբիին, կարելի է համաձայնվել «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի հնչեցրած մտքի հետ, որում ֆրանսիացին քննադատել էր թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուին: Անրիի խոսքերով, Ժիրուն այն հարձակվողը չէ, որի հետ «Արսենալը» կարող է դառնալ Անգլիայի չեմպիոն: Եվ իրոք. «Արսենալին» անհրաժեշտ է իսկական գոլահար, ով միտված կլինի միայն ու միայն մրցակցի դարպասը, այլ ոչ թե կնահանջի, կսկսի մեկ հպումով փոխանցումներով խաղարկել գնդակն ու հարվածային դիրք դուրս բերել խաղընկերոջը: Թիմի կիսապաշտպանությունը համալրված է հենց այդպիսի ֆուտբոլիստներով` Օզիլ, Կազորլա, Օքսլեյդ-Չեմբերլեն: Բոլոր այս ֆուտբոլիստները խաղերի ընթացքում փորձում են փնտրել Ժիրուին հենց հարձակման կրակագծում, բայց շատ հաճախ նրան այնտեղ չեն գտնում: Իսկ ամենաանհասկանալին այն է, որ Օլիվյե Ժիրուն ունենալով բարձր հասակ` խաղերի ընթացքում հայտվում է գրոհի եզրերում և ինքն է փորձում բարձրից փոխանցումներ կատարել դեպի մրցակցի տուգանային հրապարակ: Բայց չէ որ, այդպես չի լինում: Ժիրուն հենց ինքը պետք է եզրափակի այդ փոխանցումները: Սա է պատճառր, որ «Արսենալի» խաղը հարձակման գծում հաճախ արդյունք չի տալիս:
Իսկ հիմա դիտարկենք այս խաղը «Վեստ Հեմի» տեսանկյունից:
Թիմի նոր գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը այսպիսի մեկնարկային կազմ էր դուրս բերել խաղադաշտ:
Հաղթանակի պատճառների մասին
1) Սլավեն Բիլիչի ընտրած տակտիկան
Այս խաղը բոլոր առումներով կարելի է ստացված համարել Բիլիչի և իր թիմի համար: Ընտրելով ճիշտ տակտիկա, գրագետ պաշտպանվելով, միևնույն ժամանակ չմոռանալով հարձակման մասին՝ խորվաթ մասնագետը կարողացավ իր թիմին պարգևել հաղթանակ` մրցաշրջանի հենց առաջին խաղում:
Նայելով «Վեստ Հեմի» մեկնարկային կազմին, առաջին հերթին աչք է ծակում մեծ թվով պաշտպանողական ոճի ֆուտբոլիստների առկայությունը: Պաշտպանության աջ եզրում` Կարլ Ջենկինսոնի բացակայության պարագայում (նա բացակայում էր քանի որ, վարձավճարով հենց «Արսենալից» է տեղափախվել «Վեստ Հեմ») խաղում էր կենտրոնական պաշտպան Ջեյմս Թոմքինսը: Ու քանի որ, կիսապաշտպանության աջ եզրում խաղում էր նոմինալ կենտրոնական կիսապաշտպան Շեյխու Կույատեն, թիմի տակտիկան խաղի ժամանակ փոխվում էր:
Երբ «Արսենալը» փորձում էր մեծ ուժերով գրոհել, Կույատեն նահանջում էր կիսապաշտպանության կենտրոն՝ օգնելու երիտասարդ 16-ամյա Ռիս Օքսվորդին, իսկ նրա փոխարեն կիսապաշտպանության աջ եզրում հայտվում էր Մաուրո Սարատեն: Այդպիսով թիմի խաղում ժամանակ առ ժամանակ նշմարվում էր 3 կենտրոնական պաշտպաներով սխեման: Արդյունքում «Վեստ Հեմը» այս խաղում գնդակ բաց չթողեց սեփական դարպասը: Բայց հասկանալի է, որ սա ուղղակի պայմանավորված էր Կարլ Ջենկինսոնի բացակայությամբ, ինչպես նաև «Արսենալի» մեծաթիվ գրոհներով:
2) Բրիտանական և ժամանակակից ֆուտբոլի հիանալի համադրությունը
«Վեստ Հեմը» նախորդ մրցաշրջանում` Սեմ Էլլերդայսի գլխավորությամբ, խաղում էր բացառապես բրիտանական ոճի ֆուտբոլ: Այսինքն բարձրից փոխանցումներ դեպի առաջ, պայքար երկրորդ հարկում: Սլավեն Բիլիչը կարողացավ այդ բրիտանական ոճի հետ համատեղել նաև ժամանակակից ֆուտբոլը: Այդ գործում մեծ դերակատարություն ունեցավ «Վեստ Հեմի» նորեկ` Դիմիտրի Պայետը: Խաղարկողին բնորոշ հատկություններով օժտված այս ֆրանսիացին վերցրեց թիմի խաղն իր վրա` հետևից առաջ տանելով խաղընկերներին: Նախորդ տարի այս պարտականությունները փորձում էր կատարել Ալեքս Սոնգը, բայց քանի որ, բացի գրոհներ սկսելուց, պետք էր նաև պաշտպանվել, դա այդքան էլ արդյունավետ չէր ստացվում: Իսկ հիմա Պայետը ազատված է պաշտպանական գործողություններից և կարող է առաջին հերթին մտածել թիմի հարձակումը կազմակերպելու ուղղությամբ:
Հետևություններ կարող եք անել ինքներդ և որոշել, թե ներկայացված ո՞ր տարբերակին եք համաձայն:
Վերլուծության հեղինակ Միրո Ալեքսանյան: