Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի եզրափակիչը: Միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ՝ «Արսենալը» և «Հալլ Սիթին»:
«Վագրերը» սպասվածից ակտիվ սկսեցին խաղը և արդեն 8-րդ րոպեին 2 գնդակի առավելություն ունեին: Գոլերի հեղինակ դարձան «Հալլի» պաշտպաններ Ջեյմս Չեսթերը և Կերտիս Դևիսը:
«Զինագործները» մինչև ընդմիջման գնալը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սանտի Կազորլան: Երկրորդ խաղակեսում էլ «Արսենալի» պաշտպաններից աչքի ընկավ Լորան Կոսելնին՝ հավասարեցնելով հաշիվը:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Արսեն Վենգերի սաները: Իր թիմի հաղթական գոլը խփեց Աարոն Ռեմսին:
Գոլեր. Չեսթեր՝ 4ր, Դևիս՝ 8ր, Կազորլա՝ 17ր, Կոսելնի՝ 72, Ռեմսի՝ 109ր: