«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ «Սուոնսիի» դեմ երեկվա խաղում (2:2) իր թիմի վրա ազդեցություն ունեցավ շաբաթ օրը «Չելսիից» կրած պարտությունը (6:0):
Վենգերի սաները չկարողացան սեփական հարկի տակ հաղթել «կարապներին»: Խաղի վերջին րոպեին «Արսենալին» 3 միավորից զրկեց Մաթյո Ֆլամինին, ով դարձավ ինքնագոլի հեղինակ:
-2:1 հաշվի ժամանակ մենք զգում էինք այն, ինչ կատարվեց շաբաթ օրը: Հարձակման հետ մեկտեղ մենք վախենում էինք կորցնել հաղթական հաշիվը:
Կարծում եմ՝ այս պահին մեր առաջնային նպատակը տիտղոսը չէ: Պետք է իրատես լինել: «Էվերթոնը» հաղթել է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ խաղին: Մրցավազքը լինելու է մինչև մրցաշրջանի ավարտը և միշտ հնարավոր են անակնկալներ:
Չեմպիոնական պայքարին վերադառնալու համար մենք հատուկ ռեսուրսներ չունենք: Դժվար է առաջ շարժվել, երբ քո թիմի կեսը բացակայում է,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: