Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան պատրաստվում է մերժել Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Հալլ Սիթի» ակումբը «Հալլ Թայգըրս» անվանափոխելու առաջարկը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այդ պահանջով դիմել էր «վագրերի» սեփականատեր Ասսեմ Ալլամը: Եգիպտացի գործարարն անգամ հայտնել է, որ կհեռանա ակումբից, եթե այն չանվանափոխվի:
Ինչպես հայտնի է դառնում, երկար քննարկման արդյունքում ԱՖԱ-ի հանձնաժողովի անդամներն ասոցիացիայի ղեկավարությանը խորհուրդ են տվել մերժել անվանափոխման առաջարկը: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 9-ին: Ղեկավարությունը պետք է ևս մեկ անգամ քննի Ալլամի առաջարկը, ով «Հալլում» ներդրել է 74 մլն ֆունտ, և նոր որոշում կայացնի:
Ավելացնենք, որ «Հալլ Սիթին» այդ անունը կրում է արդեն 110 տարի: