«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար։
Ձմեռվա առաջին ամիսը վեց հաղթանակ բերեց Կոնտեի թիմին, ինչի շնորհիվ «կապույտները» վստահորեն շարունակեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» ուժեղ գտնվեց «Մանչեսթեր Սիթիից», «Վեստ Բրոմվիչից», «Սանդերլենդից», «Կրիստալ Փելեսից», «Բորնմուտից» և «Ստոկ Սիթիից»։
Լավագույն մարզչի մրցանակի համար Կոնտեի հետ պայքարում էին Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլից», Ժոզե Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և Մաուրիսիո Պոչետինոն՝ «Տոտտենհեմից»։ Այս պարագայում, Կոնտեն երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվեց լավագույնը Պրեմիեր Լիգայում, ինչը ռեկորդային է առաջնության պատմության մեջ։
-Այս մրցանակն ապացուցում է, որ մենք լավ ենք կատարում մեր աշխատանքը։ Դեկտեմբերը մեզ համար հիանալի ստացվեց՝ մենք բարձրացանք առաջին հորիզոնական և ավելացրինք վստահությունը,֊ ասել է Կոնտեն։
Իր հերթին ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ Զլատան Իբրահիմովիչին։ Նախորդ ամիս շվեդ հարձակվողն իր գոլերի թիվն ավելացրեց 5-ով՝ գրավելով «Էվերթոնի», «Կրիստալ Փելեսի», «Սանդերլենդի» և երկու անգամ «Վեստ Բրոմվիչի» դարպասները։
«Յունայթեդում» Իբրահիմովիչի թիմակից Հենրիխ Մխիթարյանը ևս ստացավ անհատական մրցանակ։ «Սանդերլենդի» դեմ խաղում մեր հայրենակցի խփած գոլը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլ։