Հինգշաբթի օրը «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:1) «Լեսթերի» ֆուտբոլիստներին, այդ թվում Դենի Դրինկուոթերին չեն թույլատրել մտնել Լոնդոնի գիշերային ակումբներից մեկը։
«Վիկարիջ Ռոուդում» խաղալուց մոտ 2 ժամ հետո Էնդի Քինգը, Մեթյու Ջեյմսը, Բեն Համերը և Դրինկուոթերը ուղևորվել են Լոնդոնի հայտնի գիշերային ակումբներից մեկը, որպեսզի նշեն վերջինիս ծննդյան օրը։
Անգամ Պրեմիեր Լիգայում առաջատար լինելը «Լեսթերի» ֆուտբոլիստներին չօգնեց մտնել ակումբ։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցներն «աղվեսներին» խորհուրդ են տվել իրենց ուրախությունը շարունակել այլ վայրում։
Սակայն նույն պահին մուտքի մոտ նկատել են նաև Պրեմիեր Լիգայում «Լեսթերի» գլխավոր մրցակից «Տոտտենհեմի» ֆուտբոլիստներ Ուգո Լյորիսին, Նասեր Շադլիին և Էրիկ Դայերին, ովքեր որևէ խնդիր չեն ունեցել ակումբ մտնելու հետ կապված։
Զվարճանալու անհաջող փորձից հետո «Լեսթերի» ֆուտբոլիստները տաքսիով հեռացել են ակումբի մոտից։