«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն հայտնել է, որ ամռանը կլքի ակումբը: Սակայն վետերանը ցանկանում է շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում:
«Քաղաքայինները» որոշել են իվուարցուն նոր պայմանագիր չառաջարկել, իսկ գործող պայմանագիրը լրանում է այս ամռանը: Այս պարագայում Կոլոն ակումբը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Տուրեն «Սիթիում» է 2009 թվականից, երբ նա «Արսենալից» տեղափոխվեց 16 մլն ֆունտով: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը հիմնականում մնում է պահեստայինների նստարանին:
-Ես այստեղ եմ գրեթե չորս տարի: Երկու ֆանտաստիկ տարում ես շատ խաղացի և հաճելի էր դա անել Յայաի հետ: Ես կտխրեմ դրա համար:
Իմ ընտանիքը այստեղ է, երեխաներս այստեղ են դպրոց գնում և նրանց դուր է գալիս այստեղ: Սակայն վերջին երկու ամսում ակումբի կողմից ոչ մի առաջարկ չի եղել և ինձ մնում է նոր ակումբ փնտրել,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Կոլո Տուրեն: