«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, ով մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխարինել Դևիդ Մոյեսին:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Օլիմպիակոսից» կրած 2:0 հաշվով պարտությունը մեծացրեց առանց այն էլ մեծ ճնշումը Մոյեսի վրա: Ակնհայտ է, որ շոտլանդացի մարզիչն առայժմ չի արդարացնում իր հետ կապված հույսերը:
Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ Մոյեսը երկար տարիներ «Էվերթոնում» աշխատելով՝ նման բարձր մակարդակում հանդես գալու փորձ չունի: Գրանդ ակումբները պայքարում են մի քանի ճակատով և նրանց համար կարևոր է յուրաքանչյուր տիտղոսը, ինչն էլ նոր բան է Մոյեսի համար, և որոշ մասնագետների կարծիքով, պետք է ուղղակի նրան ժամանակ տալ:
Միաժամանակ «մանկունյանցիներին» կարող է օգտակար լինել 62-ամյա վան Գալի փորձը, ով նախկինում աշխատել է «Այաքսում», «Բարսելոնայում» և «Բավարիայում»: Վերջին շաբաթների ընթացքում Լուին չի թաքցնում, որ ցանկանում է աշխարհի 2014թ-ի առաջնությունից հետո աշխատել Պրեմիեր Լիգայում:
Մինչ այս խոսվում էր, որ Անգլիայում վան Գալի աշխատավայրը կլինի «Տոտտենհեմը», սակայն «Յունայթեդի» մտադրությունը կարող է փոխել պլանները: Daily Mirror