«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսն ակնարկել է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ակումբից հեռանալու մտադրության մասին:
Դևիդ Մոյեսի գալուց հետո մանկունյանցիների հարձակման գիծ վերադարձավ Ուեյն Ռունին, ով կազմից դուրս թողեց Չիչարիտոյին, ում համար մրցակից են նաև Ռոբին վան Պերսին և Դենիել Ուելբեքը:
Մոյեսի գլխավորությամբ անցկացված 11 խաղերից ընդամենը երկուսում է 25-ամյա մեքսիկացին հայտնվել մեկնարկային կազմում: Էրնանդեսը ուրախ է, որ հանդես է գալիս «Յունայթեդում», սակայն եթե հնարավորություն ունենա, ապա կմտածի ակումբը փոխելու մասին:
-Հուսով եմ, որ ավելի շատ խաղային ժամանակ կստանամ: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի տեղ գտնեմ մեկնարկային կազմում: Ես գիտեմ, որ աշխատանքը կտա իր արդյունքը, այստեղ կամ մեկ այլ ակումբում:
Ինձ ուղղակի հնարավորություն է պետք, որպեսզի ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: