«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և «Սաութհեմպտոնի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ և լավագույն ֆուտբոլիստ, համապատասխանաբար։
Նախորդ ամսվա ընթացքում Պոչետինոյի սաները Պրեմիեր Լիգայի 4 խաղում տարան 4 հաղթանակ և կարողացան առաջատարի նկատմամբ միավորների տարբերությունը հասցնել 2-ի։
Մաուրիսիոյի համար սա 2013թ-ին Անգլիա տեղափոխվելուց հետո արդեն երրորդ նմանատիպ մրցանակն էր։ Արգենտինացի մասնագետը շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ հեռանկար ունեցող մարզիչներից մեկը։
Փետրվարը պակաս հաջող չէր նաև «Սաութհեմպտոնի», հատկապես նրանց 27-ամյա դարպասապահ Ֆորսթերի համար։ Վնասվածքից ապաքինվելուց հետո Ֆորսթերը բարձր մակարդակով հանդիպումներ անցկացրեց և նախորդ ամսվա 4 խաղում ոչ մի գոլ բաց չթողեց։
Անգլիացու համար բենեֆիսային դարձավ «Արսենալի» դեմ խաղը, որում նա 10 հարված հետ մղեց՝ սահմանելով ընթացիկ մրցաշրջանի ռեկորդ։