Ընթացիկ մրցաշրջանի արդյունքում Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում «Ֆուլհեմը» կհեռացնի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Մագատի գլխավորությամբ «Ֆուլհեմը» 6 խաղում վաստակել է ընդամենը 4 միավոր և, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում: Բացի այդ, «Ֆուլհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են Մագատի չափից դուրս խիստ պահանջներից և մարզումների մեթոդից:
Եվ չնայած, որ «Բավարիայի» նախկին մարզիչը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում պատրաստ է մնալ «Քրեյվն Քոթեջում», ակումբը պատրաստվում է նրան փոխարինել Ալան Կերբիշլիով, ով հունվարին հեռացվեց ակումբի տեխնիկական տնօրենի պաշտոնից:
Ավելացնենք, որ մրցաշրջանի մնացած հատվածում լոնդոնցիներին չի կարողանա օգնել Կոստաս Միտրողլուն: Կոստասը, ում հունվարին «Ֆուլհեմը» «Օլիմպիակոսից» գնեց 12 մլն ֆունտով, ծնկի վնասվածքից ապաքինվելու համար մեկնել է Իտալիա: